reabilitologia

Ռեաբիլիտոլոգիան կամ այլապես ռեաբիլիտացիոն բժշկությունը կամ վերականգնողական բժշկությունը բժշկության այն ճյուղ է, որն ուսումնասիրում է տարբեր հիվանդությունների ընթացքում կամ դրանից հետո ռեաբիլիտացիայի, վերականգնման գործընթացները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց, որոշակի ֆիզիկական և հոգեկան թերությունների կամ հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման գործընթացները: Ռեաբիլիտալոգիան նոր սինթեզ գիտություն է, որը ինտեգրում է բժշկությունը, մանկավարժությունը, հոգեբանությունը, ֆիզիկական մշակույթը, կուրորտոլոգիան և բնապահպանությունը: Ռեաբիլիտոլոգիայի, որպես գիտության հետաքրքրությունների ոլորտում է վերականգնողական գործընթացների օրինաչափությունների, վերականգնողական միջոցառումների անցկացման մեթոդների և ռեաբիլիտացիայի համակարգի օպտիմալ կազմակերպման ձևերի ուսումնասիրությունը:

Ռեաբիլիտացիա (ֆռանսերեն՝ «Rehabilitation», լատիներեն՝ «r» – կրկին + «habilis» – հարմար, հարմարեցված) բժշկության մեջ՝ դա բժշակական, հոգեբանական, մանկավարժական, մասնագիտական և իրավաբանական միջոցների համալիր է, որոնք ուղղված են այն հաշմանդամություն ունեցող անձանց ինքնավարության, աշխատունակության և առողջության վերականգնմանը, որոնք հայտնվում են բուժվողների ցանկում: Ռեաբիլիտացիան իրականացվում է ներքին օրգանների որոշ հիվանդությունների, հենաշարժական ապարատի բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ծանր վնասվածքների հետևանքների, հոգեկան հիվանդությունների և այլ դեպքերի ժամանակ: Ռեաբիլիտացիան ունի հատուկ նշանակություն երեխաների մոտ մտավոր հետամնացության, լսողության, խոսքի ու տեսողության թերությունների ժամանակ և այլն:

Ռեաբիլիտացիան բուժական ու մանկավարժական միջոցառումների համակարգ է, ուղղված այն ախտաբանական վիճակների կանխարգելմանն ու բուժմանը, որոնք կարող են հանգեցնել աշխատունակության ժամանակավոր կամ կայուն կորստի: Ռեաբիլիտացիայի էության ընկալումը ուղղակիորեն կապված է «առողջություն» և «հիվանդություն» հասկացությունների ձևակերպման հետ: Ռեաբիլիտացիան նպատակ ունի հնարավորինս արագ վերականգնել սովորական միջավայրում ապրելու և աշխատելու ունակությունը։ Համաձայն ԱՀԿ-ի սահմանմանը՝ «ռեաբիլիտացիան՝ բոլոր մատչելի միջոցների և/կամ մեթոդների օգտագործումն է, որոնք թույլ են տալիս առավելագույնս նվազեցնել անաշխատունակության և առողջական վիճակի վատթարացման գործոնների ազդեցությունը, ինչպես նաև նպաստել սահմանափակումներով (անաշխատունակությամբ) մարդկանց սոցիալական օպտիմալ ինտեգրմանը հասնելուն»: Օրինակ, ներկայումս քրոնիկ ցավ ունեցող հիվանդների բոլոր ժամանակակից բազմամասնագիտական վերականգնողական մեթոդները հիմնված են ցավի մուլտիֆակտորիալ բիոպսիխոսոցիալական մոդելի վրա այն իմաստով, որ նրա էթիոլոգիան ներառում է ֆիզիկական, հոգեբանական, սոցիալական ու մասնագիտական գործոնները: Հետեւաբար, համապատասխան ռեաբիլիտացիան պետք է ներառի 3 հիմնարար ասպեկտները՝

  1. առանց բացառության մարդու կյանքի որակի բոլոր ասպեկտների քննարկումը.
  2. անհատի (հիվանդի) համարումը որպես վերականգնման գործընթացի առաջնային նպատակ.
  3. բոլոր ինտերվենցիոն մեթոդների շարունակականության և սերտ փոխկապակցվածության ապահովումը:

Որպես բժշկական ռեաբիլիտացիայի տեսական հիմք վերցված է հիվանդության եռաչափ հայեցակարգը, որը մշակվել է ԱՀԿ-ի փորձագետների կողմից (Ժնև, 1980 թ.) և ներկայացվել է որպես Հիվանդությունների միջազգային վիճակագրական դասակարգման հավելում։ Ըստ այս հայեցակարգի, կան հիվանդության հետևանքների երեք բժշկա-կենսաբանական և սոցիալական մակարդակներ՝

  1. Վնաս (impairment) – ցանկացած անոմալիա կամ մորֆոլոգիական ամբողջականության կորուստ անատոմիական կառույցների կողմից, որը ուղեկցվում է ֆիզիոլոգիական ֆունկցիաների խանգարման կամ կորստի հետ:
  2. Կենսագործունեության խախտում (disability) – մարդկային հասարակության համար նորմալ համարվող սահմաններում վնասման հետևանքով առաջացած ամենօրյա գործունեության լիարժեք իրականացման հնարավորության կորուստ կամ սահմանափակում:
  3. Սոցիալական սահմանափակումներ (handicap) – կյանքի գործունեության խանգարումներ, որոնք առաջանում են վնասվածքի հետևանքով և սահմանափակում են սոցիալական դերի կատարումը: Վերջերս վերականգնողական հասկացությունների համակարգ է մտցվել «կյանքի որակի» հասկացությունը (առողջության հետ կապված կյանքի որակը՝ healthrelated quality of life): Կյանքի որակը համարվում է որպես առողջության և վերականգնման արդյունավետության ինտեգրալ գնահատական:

Ռեաբիլիտացիան ակտիվ գործընթաց է, որի նպատակն է հասնել հիվանդության կամ վնասվածքի հետևանքով խախտված գործառույթների ամբողջական վերականգնմանը, կամ, եթե դա եթե անիրատեսական է, հաշմանդամի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական ներուժի օպտիմալ իրականացում է, հասարակության մեջ նրա առավել ադեկվատ ինտեգրումը (ԱՀԿ-ի փորձագետների կոմիտե, 1980 թ.): Վերականգնման ենթահամակարգեր են՝ բժշկական ռեաբիլիտացիա (առողջապահական համակարգի վերականգնողական կենտրոններ), սոցիալական ռեաբիլիտացիա (սոցիալական պաշտպանության ծառայություն), մասնագիտական ռեաբիլիտացիա (մասնագիտական կողմնորոշում):

Ռեաբիլիտացվող հիվանդի նկատմամբ ամբողջական մոտեցումը պահանջում է նրա նկատմամբ վերաբերմունք ոչ թե որպես բողոքների, ախտանշանների և վնասվածքների համալիր, այլ որպես ամբողջական բիո-հոգեվերլուծական-սոցիալական սուբյեկտ՝ իրեն բնորոշ հասարակության և նրա անդամների հետ փոխկապակցվածության ամբողջ անհատական համակարգով։ Ժամանակակից հայեցակարգում ռեաբիլիտացիան դիտվում է որպես համալիր գործընթաց, որը ներառում է մի շարք հիմնական ասպեկտներ:

  1. Բժշկական ասպեկտ – կորցրած և թերի ֆիզիոլոգիական գործառույթների վերականգնում, ուղղում կամ փոխհատուցում: Վերականգնողական միջոցներ՝ բուժման տարբեր մեթոդների գիտականորեն հիմնավորված անհատական համալիր (դեղաբանական, վիրաբուժական, ֆիզիոթերապևտիկ, ռեֆլեքսոթերապևտիկ, հոգեթերապևտիկ, դիետիկ): Հիվանդի շարժողական ակտիվությունը մեծանալուն պես, սանոգենեզի մեխանիզմներն ավելի ինտենսիվորեն ակտիվանում են կանոնակարգվող բուժական ֆիզիկական ծանրաբեռնվածության հաշվին: (Արդեն հոսպիտալային փուլում վերականգնողական աշխատանքներին պետք է միանան հոգեթերապևտը, հոգեբանը, ինչպես նաև, հնարավոր է, մանկավարժը)։
  2. Ֆիզիկական ասպեկտ – կենցաղում և հասանելի սոցիալական միջավայրում հիվանդի նախնական կամ նոր (օպտիմալ) մակարդակի շարժունակության վերաստեղծումը: Կատարվում է ռեաբիլիտացիայի հոսպիտալային փուլից սկսած որպես ռեֆլեքսոթերապիայի ուղղություններից մեկի՝ կինեզոթերապիայի (բուժական ֆիզկուլտուրայի) միջոցներով։ Բուժական ֆիզիկական ծանրաբեռնվածության հետևողական, համարժեք և օպտիմալ օգտագործումը ապահովում է հիվանդի մարմնի վրա նպատակաուղղված պաթոգենետիկ և ընդհանրացված (ընդհանուր) ազդեցություն: Արդյունքում՝ խթանում են ոչ սպեցիֆիկ դիմադրության, հիպոսենսիվության մեխանիզմները, որոնք մասնակցում են վերականգնվող մարդու խախտված հոգեբանական կարգավիճակի ուղղմանը:
  3. Հոգեբանական ասպեկտ – հիմնական պաթոլոգիայով փոփոխված հիվանդի հոգեկան կարգավիճակի ուղղումն է, հիվանդի հոգեկան ֆունկցիաների խանգարումների հնարավոր սոմատացման կանխարգելման, և այն նախկին (կամ նոր) կենցաղային ու սոցիալական միջավայրին հարմարեցնելու համար: Ուղղմանը կարող է ենթարկվել կենցաղային, ընտանեկան, մասնագիտական ու սոցիալ-մշակութային միջավայրում անլիարժեքության մոլուցքային զգացողությունը, տարբեր տեսակի ֆոբիաները և այլն: Արդյունքում ձևավորվում է վերականգնողական գործընթացի հեռավոր խնդիրների լուծման գործում վստահության հոգեբանություն, ստեղծվում է կայուն մոտիվացիա՝ հասնելու նրա հռչակվող նպատակին։ Որոշ դեպքերում, հոգեբանական մեթոդների օգտագործումը ուղղված է ոչ միայն հիվանդի, այլև իր մոտակա սոցիալական միջավայրում անձանց վրա:
  4. Մասնագիտական ասպեկտ – մասնագիտական ուսուցում (վերուսուցում) և աշխատանքի տեղավորում, որը համարժեք է ձևավորված ֆիզիկական ու հոգեկան գործառույթների կայուն թերությանը: Մասնագիտական ռեաբիլիտացիան հիմնված է պաթոլոգիական գործընթացի ձևի ու ծանրությանը, գործառույթների անբավարարության բնույթի ու աստիճանի, հոգեբանական կարգավիճակի առանձնահատկությունների ու հիվանդի անձի պրոֆիլի, նրա նախնական կրթական մակարդակի վերլուծության վրա: Հաշմանդամություն ունեցող անձանց մասնագիտական կրթությունը պահանջում է ոչ ստանդարտ, յուրահատուկ մեթոդներ և տեխնոլոգիաներ։ Նման աշխատակցի աշխատանքի տեղավորումը հնարավոր է սովորական ու մասնագիտացված հաստատություններում. կարող է պահանջել հատուկ սարքավորումներ իր աշխատավայրում:
  5. Սոցիալ-տնտեսական ասպեկտ – ներառում է սոցիալ-բժշկական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, սոցիալ-միջին, սոցիալ-կենցաղային ռեաբիլիտացիայի ձևերը: Նրանց նպատակն է վերստեղծել հիվանդի կորցրած և խախտված հանրային կապերը ու հարաբերությունները կամ նոր (հարկադիր) ձևավորումը, պաթոլոգիայի հետևանքով առաջացած սոցիալական սահմանափակումների վերացումը: Այս ասպեկտը ենթակա է ռեաբիլիտացիայի նախորդ տեսակների նկատմամբ, լրացվում է մի շարք հատուկ ձևերով ու միջոցներով (այդ թվում, համակարգված հովանավորությամբ): Վերականգնվող անձի կախվածության նվազեցումը ընտանիքի անդամներից և սոցիալական շրջապատից իր կենսական կարիքները բավարարելու գործում հանդիսանում է ամբողջ վերականգնողական ծրագրի արդյունավետության վերջնական չափանիշը։ Մինչդեռ վերջին տարիներին ձևավորվում է գիտական ապացույցների ու փաստերի վրա հիմնված առողջապահական համակարգերի ձևավորման ակնհայտ միջազգային միտում և պահանջող այնպիսի բուժման մեթոդների ներդրում ու կիրառում, որոնք առավել համոզիչ կերպով հաստատեցին իրենց արդյունավետությունը ու անվտանգությունը բնակչության ճնշող մեծամասնության որոշակի հիվանդության նկատմամբ:

Ռեաբիլիտացիան նախատեսում է շարժողական, հոգեկան և խոսքային ոլորտի բուժական-մանկավարժական ուղղում ավագ տարիքի երեխաների և մեծահասակների նկատմամբ: Կան մի շարք պաթոլոգիական գործոններ, որոնք հաշմանդամացնում են հիվանդին և հարց են առաջացնում աբիլիտացիայի կամ ռեաբիլիտացիայի անհրաժեշտության մասին: Նման գործոնների թվում են նյարդային համակարգի տարբեր ներարգանդային ախտահարումները, ծննդաբերության ընթացքում ստացված գանգուղեղային վնասվածքները: Ավելի մեծ տարիքի երեխաների մոտ նյարդային համակարգի հաշմանդամային ախտահարումներին կարող են հանգեցնել գլխուղեղի և ողնուղեղի վնասվածքները, ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունները (անցկացված էնցեֆալիտների, արախնոիդիտների, մենինգիտների, պոլիոմիելիտի հետևանքները), նյարդային և նյարդամկանային համակարգերի դեգեներատիվ հիվանդությունները: Մեծահասակների մոտ հաշմանդամային վիճակների ամենատարածված պատճառը՝ ուղեղային արյան շրջանառության խանգարումով անոթային հիվանդություններն են։

«Ներկայումս վերականգնողական բժշկության տակ հասկացվում է գիտելիքների և պրակտիկ գործունեության կանխարգելիչ համակարգը, որը նպատակաուղղված է մարդու ֆունկցիոնալ պահուստների վերականգնմանը ու նրա առողջության մակարդակի բարձրացմանը, որոնք նվազել են շրջակա միջավայրի ու գործունեության գործոնների անբարենպաստ ազդեցության արդյունքում կամ հիվանդության հետևանքով վերականգնման կամ ռեմիսիայի փուլում, հիմնականում ոչ դեղորայքային մեթոդների կիրառմամբ, քրոնիկ հիվանդությունների երկրորդային կանխարգելման և սուր հիվանդություններից հետո հիվանդների մինչև վերջ բուժելու նպատակով»: Բժշկական ռեաբիլիտացիայի բոլոր փուլերում կիրառվում է համալիր բուժում, որը նախատեսում է վերականգնել խանգարված գործառույթները բուժական ֆիզկուլտուրայի, մերսման, ֆիզիոթերապևտիկ, օրթոպեդիկ ընթացակարգերի ու դեղերի օգնությամբ: Վերականգնման համալիր մոտեցման կարևոր տարր է ապարատային միջոցների կիրառումը, որոնք հեշտացնում են աշխատանքը և ընդլայնում են բուժական ֆիզկուլտուրայի ու ֆիզիոթերապիայի մասնագետների հնարավորությունները, ինչը թույլ է տալիս բարելավել ռեաբիլիտացիայի վերջնական արդյունքը: Դրանք սարքեր են, որոնք մշակվաճ են քայլելը մարզելու կամ ձեռքի ու դաստակի գործառույթը վերականգնելու համար: Վերականգնողական ծրագրերը մշակվում են անհատապես յուրաքանչյուր հիվանդի համար կլինիկական ախտորոշման հիման վրա, օգտագործելով կոնսերվատիվ (ոչ դեղորայքային) բուժման մեթոդները և ներառում է հետեւյալ բաղադրիչները՝ մոբիլիզացիա / մանիպուլյացիա, ճկունության զարգացման վարժություններ, մկանների ամրապնդման վարժություններ, տոկունության վարժություններ, մերսում, մոդալություններ` օգտագործելով թաքը ու սառը, տարբեր ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ (լազերային թերապիա, մագնիտոթերապիա, պերկուտան էլեկտրոնեյրոմոստիմուլյացիա, էլեկտրոֆորեզ, մակերեսային և խորը ջերմային մոդալությունների կիրառում և այլն), մանուալ թերապիայի տարբեր ձևեր (մանիպուլյացիա, մոբիլիզացիա, ձգում), ռեֆլեքսոլոգիայի տարբեր մեթոդներ (ասեղնաբուժություն, այրում, արյունաոություն, մակերեսային ասեղնաբուժություն, կետային մերսում, վակուումային թերապիա, ֆարմակոպունկտւրա, հիրուդոթերապիա, ապիտոկսինոթերապիա և այլն): Աշխատանքային գործունեությանն ադապտացված անձանց թիվը կարող է աճել ճիշտ իրականացվող վերականգնողական միջոցառումների հաշվին։ Կարևոր է ապահովել վերականգնողական միջոցառումների փուլերի շարունակականությունը։ Բուժումը պետք է լինի ժամանակին ու երկարատև: Հիվանդի մոտ քրոնիկ ցավային ախտանիշների առկայության դեպքում թերապիան պետք է կենտրոնանա հիվանդների ընդհանուր ֆիզիկական ակտիվության բարելավման վրա, չնայած ցավային համախտանիշի առկայությանը, ինչպես նաև սոցիալական և մասնագիտական ոլորտում հիվանդի ակտիվ մասնակցության խթանմանը: Ընդ որում, նման թերապիայի նպատակներն ունեն արտոնյալ նշանակություն համեմատ պարզ ցավազրկմանը: Հաշվի առնելով այս փաստարկները, մեջքի ենթախրոնիկ և քրոնիկ ցավի առկայության դեպքում հիվանդների բուժումը պետք է, առաջին հերթին, հիմնված լինի ամենաարդյունավետ ֆիզիկական վարժությունների ծրագրերի վրա՝ նրանց ֆունկցիոնալ կարգավիճակը բարելավելու համար, ինչպես նաև ճանաչողական-վարքագծային մեթոդների կիրառման վրա, որոնք ուղղված են արագացնելու նրա վերադարձը մասնագիտական գործունեությանը և սոցիալական ակտիվությանը: Այսպիսով, քրոնիկական ցավի թերապիան, այդ թվում՝ ողնաշարի տեղայնացման դեպքում, տեսականորեն հիմնված է բազմամասնագիտական մոտեցման վրա՝ բժշկության տարբեր ոլորտների մասնագետների ակտիվ մասնակցությամբ, մասնավորապես՝ հոգեբաններ, ֆիզիոթերապևտներ, ընդհանուր պրակտիկայով զբաղվող մասնագետներ, պրոֆեսիոնալ ​​բժշկության բնագավառի մասնագետներ, անեսթեզիոլոգներ և այլն: Միևնույն ժամանակ, վերջին տարիներին նկատվող առողջապահության արդիականացման միտումները, որոնք ներառում են կլինիկաների / հիվանդանոցների քանակի և մահճակալների թվի կրճատումը, ինչպես նաև հիվանդների անաշխատունակության օրերի քանակի նվազումը, տեղափոխել են քրոնիկ ցավերի թերապիայի խնդրի հավասարակշռությունը թերապևտիկ բժշկության ոլորտից հօգուտ վերականգնողական բժշկությանը: Այս առումով, մեջքի քրոնիկ ցավ ունեցող հիվանդների «բուժման» մուլտիմոդալ մոտեցման հայեցակարգը ներկայումս աստիճանաբար ձևափոխվում է «մուլտիդիսցիպլինար ռեաբիլիտացիայի»: Բոլոր վերականգնողական կոնտինգենտների 80-85%-ի համար աշխատունակության վերականգնումը ձեռք է բերվում վերականգնողական համալիր ծրագրի իրականացման ընթացքում, որը ներառում է բժշկական, մասնագիտական և սոցիալ-հոգեբանական միջոցառումներ: Ռեաբիլիտացիայի միջազգային գիտությունում և պրակտիկայում մշակվել են վերականգնման արդյունավետության գնահատման չափանիշները: Մեծ ուշադրություն է դարձվում հոգեբանական ասպեկտին, քանի որ վերականգնման հաջողությունը մեծապես կախված է հիվանդների վերականգնման ակտիվ մասնակցությունից: Ռեաբիլիտացիայի անմիջական օբյեկտներն են՝ – առաջնային կոնտինգենտ – հիվանդներ, վնասվածքներով պացիենտներ, վիրավորներ և ռեկոնվալեսցենտներ տարբեր հիվանդություններից հետո ժամանակավոր աշխատունակության կորստով կամ նրա տարբեր աստիճանի նվազեցմամբ; – երկրորդային կոնտինգենտ – քրոնիկ հիվանդություններով տառապող հիվանդներ, որոնք տուժել են տրավմաներից ու վնասվածքներից՝ երկարատև աշխատունակության ու ժամանակավոր հաշմանդամության, և որոնց դեպքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հնարավոր է դրական ուղղում; – երրորդային կամ մշտական կոնտինգենտ – տարբեր աստիճանի աշխատունակության կայուն կորուստ ունեցող հաշմանդամներ՝ հիվանդությունների, տրավմաների ու վնասվածքների հետևանքներով: Նյարդաբանական համակարգի ծանր վնասվածքներով երեխաների նյարդաբանական, հոգեբանական, մանկավարժական և լոգոպեդիկական մանրամասն հետազոտությունը, վերականգնողական մասնագետների համառ և մանրակրկիտ աշխատանքը, որը ուղղված է խանգարված գործառույթների վերականգնմանը ու նեյրոմոտորային վերադաստիարակմանը, թույլ են տալիս կատարել հաշմանդամների՝ ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մասնակի կամ ամբողջական ադապտացիան հասարակության մեջ: Հաշմանդամների վերականգնումը՝ դա հաշմանդամների կենցաղային, հասարակական և մասնագիտական գործունեության կարողությունների ամբողջական կամ մասնակի վերականգնման համակարգ է ու գործընթաց: Հաշմանդամների ռեաբիլիտացիան ուղղված է մարմնի ֆունկցիայի կայուն խանգարումով առողջության խախտման հետ առաջացած կենսագործունեության սահմանափակումների վերացմանը կամ հնարավոր ավելի ամբողջական փոխհատուցմանը՝ հաշմանդամների սոցիալական ադապտացման, նրանց նյութական անկախության ձեռքբերման ու հասարակության մեջ նրանց ինտեգրվելու նպատակով:
Հիվանդի վերականգնողական ներուժը՝ գիտականորեն հիմնավորված սահմանն է կոնկրետ կլինիկական դեպքում սուղ (խախտված) ֆիզիոլոգիական գործառույթների հնարավոր վերականգնման համար: Մասնավոր ռեաբիլիտացիոն ծրագրի մշակումը հիմնված է կոնկրետ հիվանդի վերականգնողական ներուժի վրա: Մասնավոր ռեաբիլիտացիոն ծրագրի իրականացման հիմնական օղակն է անհատականացված վերականգնման խնդիրները, որոնք իրացվում են բժշկական հաստատության մոտ առկա մեթոդների ու միջոցների հավաքածույով: Առողջապահության մեջ ռեաբիլիտացիոն ամբողջական համակարգի ստեղծումը հսկայական նշանակություն ունի պետության, հասարակության, անհատի համար և ենթադրում է բժիշկների, հոգեբանների, սոցիալական աշխատողների ու այլ մասնագետների ջանքերի կազմակերպում և համակարգում: Ռեաբիլիտացիան առողջապահությունում պետք է ներկայացնի երկարաժամկետ պետական քաղաքականություն, ուղղված սուր և քրոնիկ հիվանդություններ, վնասվածքներ կամ զարգացման անոմալիաներ ունեցող մարդկանց կրթության, ժամանցի, մասնագիտական գործունեության տարբեր ոլորտներում կենսագործունեության օպտիմալ և լիամասշտաբ վերականգնմանը:

Վերականգնման գործընթացը բաժանվում է փուլերի.

  1. հոսպիտալային փուլ – հիվանդության պաթոգենետիկ բուժում. քրոնիկական պաթոլոգիական գործընթացների սրացումների ժամանակ հիմնական կլինիկական ախտանշանների վերացում, առողջարանային խնայող ռեժիմի պայմաններին և ծանրաբեռնվածությանը հարմարվողականություն;
  2. առողջարանային փուլ – կլինիկական ախտանշանների և մորֆոֆունկցիոնալ խանգարումների ամբողջական վերացում կամ քրոնիկ պաթոլոգիական գործընթացների սրացման ժամանակ թերի գործառույթների ոչ կայուն փոխհատուցման ձևավորում. հարմարվողականություն ամբուլատոր ռեժիմի պայմաններին ու ծանրաբեռնվածությանը;
  3. դիսպանսերային փուլ – ամբողջական ռեաբիլիտացիա, ռեադապտացիա և վերասոցիալիզացիա նախորդ հիվանդությանը կամ վնասվածքին, ծանրաբեռնվածությանը և պայմաններին կամ սուղ ֆունկցիաների կայուն փոխհատուցում. քրոնիկական պաթոլոգիական գործընթացների սրման ժամանակ կյանքի փոփոխված պայմաններին հարմարվողականություն. պարբերաբար առողջարանային ռեաբիլիտացիոն բուժում:

Այսպիսով, ռեաբիլիտացիան ներկայացվում է որպես համակարգային գործընթաց բժշկության որոշակի ճյուղում՝ վերականգնողական բժշկության մեջ:

 

Կինեզիոլոգիա
Մանուալ բժշկություն
Ֆիզիոթերապիա
Ռեֆլեքսոլոգիա
Հոգեբանություն
Լոգոպեդիա